«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

«Սա մի գեղեցիկ մարտահրավեր է, որպեսզի մեր դռները բացենք մեկ այլ մշակույթի առջև»

«Սա մի գեղեցիկ մարտահրավեր է, որպեսզի մեր դռները բացենք մեկ այլ մշակույթի առջև»
12.07.2014 | 21:56

Չիլիի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Սանտյագոյի քաղաքապետ Կարոլինա Տոհայի հետ:
Քաղաքապետարանի հանդիսությունների սրահում ընդունելության պաշտոնական արարողությունից հետո քաղաքապետ Կարոլինա Տոհան Հայաստանի նախագահին է հանձնել քաղաքի բանալին և քաղաքի պատվավոր այցելուի պատվոգիրը: Իր խոսքում նա անդրադարձել է հայ-չիլիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման կարևորությանը` ՀՀ նախագահի այցը մեծ խթան համարելով այդ ճանապարհին. «Հեռու չեմ լինի ճշմարտությունից, եթե խոստովանեմ, որ մենք` չիլիացիներս շատ քիչ բան գիտենք Հայաստանի մասին: Գտնվելով հեռու և պարփակված լինելով մեր աշխարհագրությամբ, մենք հաճախ պատկերացնում ենք, որ շատ փոքր երկրներ ենք: Եվ գտնվելով այս մեկուսացած և բարդ աշխարհագրական տարածքում` հաճախ սխալ ենք գործում և աշխարհը պարփակում ենք այն սահմաններով, որոնք մեզ ավելի մոտ են գտնվում: Այնուհանդերձ, պարոն նախագահ, սա մի գեղեցիկ մարտահրավեր է մեզ համար, որպեսզի մենք մեր դռները բացենք մեկ այլ մշակույթի առջև և մերձենանք հայ ժողովրդի հետ: Հայաստանի Հանրապետությունը լինելով երիտասարդ պետություն` ունի հնամենի մշակութային հարուստ ժառանգություն: Եվ ինչպես շատ հնագիտական ուսումնասիրություններ են ցույց տալիս, Հայաստանը աշխարհի քաղաքակրթության բնօրրաններից է: Հայաստանը շատ հետաքրքիր մի մշակույթ է ձևավորել շնորհիվ Եվրոպայի և Ասիայի հետ իր մշտական կապի: Հայերի պարն ու երաժշտությունը ամենահինն ու ինքնատիպն են: Պատմության հազարամյակների ճանապարհին հայերը կարողացել են պահպանել իրենց ինքնությունը, և մենք` չիլիացիներս մեր մեծ հարգանքն ենք մատուցում այդ ամենի համար: Կարճ ժամանակահատված է անցել, երբ Հայաստանն ու Չիլին դիվանագիտական հարաբերութուններ հաստատեցին, որից հետո 1993 թ. պաշտոնականացվեցին հարաբերությունները միջազգային կառույցների միջոցով: Այդուհանդերձ, այս հանդիպումը երկու ժողովուրդների համար լավ խթան և հնարավորություն է ճանաչելու միմյանց և Հայաստանի հազարամյա մշակույթը»,-ասել է Սանտյագոյի քաղաքապետը:
Պատասխան խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է գտնվել Լատինական Ամերիկայի իրավամբ լավագույն քաղաքներից մեկում` Սանտյագոյում, և ի դեմս քաղաքապետ Տոհայի հանդիպել մշտապես ծաղկող այս քաղաքի հմուտ ղեկավարին. «Միաժամանակ ուրախ եմ հիասքանչ Սանտյագոյի խորհրդանշական բանալին ստանալու համար: Ես ընդունում եմ այն` ի նշան Հայաստանի և Չիլիի մայրաքաղաքների միջև հարատև բարեկամության և երկկողմ հարաբերությունների հետագա սերտացման: Անչափ տպավորված եմ Սանտյագոյի առաջընթացով` պայմանավորված ինչպես գործարարության համար ստեղծված բարենպաստ պայմաններով, քաղաքային տնտեսության արդյունավետությամբ, անվտանգության բարձր աստիճանով, Սանտյագոյի բնակիչների կենսամակարդակի բարձր ցուցանիշով, այնպես էլ քաղաքային ներհատուկ կոլորիտով, որի շնորհիվ Սանտյագոն դասվում է աշխարհի ամենագրավիչ և հետաքրքիր այցելավայրերի շարքին: Հիացած եմ քաղաքի նրբագեղ ճարտարապետությամբ, քաղաքը շրջապատող Անդյան վսեմ լեռնաշղթայով, որը հիշեցնում է Երևանն ու համայն հայության խորհրդանիշ բիբլիական Արարատ լեռը:
Թեև Հայաստանի և Չիլիի միջև աշխարհագրական մեծ տարածություն է ընկած, սակայն մեր ժողովուրդները դավանում են միևնույն արժեքները: Դա էր պատճառը, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկված հայությունը հասավ այս հեռավոր ափերը և Չիլիի իշխանությունների և ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ կարողացավ ոչ միայն գոյատևել, այլև ապրել ու արարել: Այսօր ցանկանում եմ ևս մեկ անգամ երախտիքի խոսք հղել բարեկամ Չիլիին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար: Այս քայլը հատկապես կարևորվում է մեզ համար Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին:
Ես ժամանել եմ Չիլի, որպեսզի երկրի ղեկավարության հետ քննարկեմ մեր երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման հնարավորությունները: Մենք համագործակցության խոստումնալից հեռանկարներ ենք տեսնում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են լեռնարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գինեգործությունը, սեյսմիկ պաշտպանությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները:
Այս շարքը թերի կմնար, եթե դրան չավելանար ապակենտրոնացված համագործակցությունն ու հանրային դիվանագիտությունը, որոնց դերն ու նշանակությունը երկկողմ հարաբերություններում հետզհետե աճում է:
Մենք հատկապես կարևորում ենք անմիջական կապերի հաստատումը քաղաքների միջև և արդեն ունենք համագործակցության հաջողված փորձ ձեր տարածաշրջանում: Հայ-չիլիական բարեկամական հարաբերությունների զարգացման համատեքստում մենք, անշուշտ, կուզենայինք, որ մեր մայրաքաղաքների միջև հաստատվեին ամուր կապեր, պատկերավոր ասած՝ որպեսզի կամուրջ ձգվեր Անդերից Արարատ: Հենց այս ցանկությունից ելնելով՝ ես սիրով հրավիրում եմ Ձեզ, տիկին Կարոլինա Տոհա, այցելել Հայաստան:
Եզրափակելով խոսքս, թույլ տվեք կրկին շնորհակալություն հայտնել տիկին քաղաքապետին այս հրաշալի միջոցառման համար: Ես հեռանում եմ նոր հանդիպումների և համագործակցության հնարավորությունների ակնկալիքով»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին այցելել է նաև Չիլիի «Պրեկոլոմբինո» թանգարան, որտեղ դիտել է այդ երկրի պատմության հնագույն ժամանակաշրջանը ներկայացնող ցուցանմուշները, ծանոթացել տվյալ ժամանակաշրջանի պատմական իրողություններին:
Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև Չիլիի հայկական համայնքի կողմից տասնամյակներ առաջ հիմնված «Հայ տուն», ծաղկեպսակ դրել բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծառատունկ կատարել, որից հետո հանդիպում է ունեցել չիլիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը հանդիպման ժամանակ խոսել է հայ-չիլիական հարաբերությունների ամրապնդման գործում փոքրաթիվ, սակայն գործունյա չիլիահայ համայնքի դերի, հայապահպանության և համազգային այլ կարևորագույն խնդիրների մասին, ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող և հաջորդ տարի ու նաև դրանից հետո նախատեսվող միջոցառումները, խոսել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Նախագահն ընդգծել է, որ հպարտ է նման հայրենակիցներով և վստահ, որ հայ ժողովրդի հաջողության միակ բանալին, ինչպես բազմիցս է ասվել, միասնությունն է` հայրենիքը ուժեղ է սփյուռքով, սփյուռքը` հայրենիքով: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել է Չիլիի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Էդուարդո Ռոդրիգես Գուառաչիին, Մովսես Խորենացու մեդալով` փոխծովակալ Հեռնան Կույումջյանին: Նախագահը շնորհավորել է նրանց` հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու համար և մաղթել նորանոր հաջողություններ:

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ